Ռուսաստանի համար ռազմաբազաների ստեղծումն արտերկրում ինքնանպատակ չէ` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РИА Новости-ի հետ հարցազրույցում: «Ի տարբերություն մի շարք պետությունների՝ մենք ռազմական ընդլայնման կողմնակից չենք: ՈՒժերի ցուցադրման նպատակով ռազմաբազաների ստեղծումը արտերկրում՝ այդ թվում նաև Լատինական Ամերիկայում, մեզ համար ինքնանպատակ չէ»,- ասել է նա: Արևմուտքի՝ մասնավորապես, ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմանն ուղղված գործողությունները և Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության տեղակայումը Մոսկվայում «խոր մտահոգության» առիթ են տալիս:
«Նման ապակառուցողական քայլերը, որ խաթարում են անվտանգության անբաժանելիության սկզբունքը, հանգեցնում են եվրաատլանտյան տարածաշրջանում լարվածության հետագա խորացմանը, եվրոպական մայր ցամաքում բաժանարար գծերի խորացմանը: Այս համատեքստում մենք խելամիտ լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում՝ պաշտպանության կարողությունների բարձրացման, ազգային շահերի պաշտպանության համար»,- ասել է Լավրովը։